Պապիկյանը գետինը պետք է մտներ, երբ Ալեն Սիմոնյանն է գեներալների մասին նման բաներ ասում. Գեղամ Մանուկյան
Ուղղակի որևէ քաղաքական, քաղաքակիրթ ձևակերպում անհնար է տալ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի վեճին:
Նրա խոսքով՝ կրկին ՔՊ-ն խաթարեց ԱԺ նիստը և այդ ամենը տրամաբանորեն մեկ բացատրություն ունի՝ երկրի առաջ ծառացած քաղաքական օրակարգերը փորձում են շեղել նման քայլերով, կեղծիքներով և սուտ խոսելով:
«Մարդկային, բարոյական որևէ սահմաններ չկան: Բոլոր կարմիր գծերն անցել են»,- նշեց Մանուկյանը:
Նրա խոսքով՝ ԱԺ նախագահին թվում է, թե այդ աթոռը տնից է բերել ու այդ այդ աթոռի վրա կարող է ամենախուլիգանական պահվածքն ունենալ, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի հասցեին հնչեցված արտահայտությունը:
«Պապիկյանը գետինը պետք է մտներ, երբ Ալեն Սիմոնյանն է գեներալների մասին նման բաներ ասում: Ու խայտառակ ստեր են հայտարարում, թե եսիմ ինչքան միլիոնների զենքեր են գնել: Սեյրան Օհանյանն էլ, բնականաբար, որպես զինվորական, սկսեց պաշտպանել զինվորականներին: Սիմոնյանը լքեց դահլիճը՝ չցանկանալով բացատրություն տալ իր խայտառակ հայտարարության վերաբերյալ»,- նշեց Մանուկյանը: