Եթե դուք լինեիք Վիգեն Խաչատրյանի փոխարեն, նա ձեր հոգեհանգստին կգար. Կոնջորյանն ընդդիմությանն անվանեց քաղաքականապես սնանկ, բարոյապես դատարկ և ճղճիմ
Ընդդիմության դատարկ աթոռների պայմաններում խոսելը նմանվում է ընդդիմության օղորմաթասին: Այսօր ևս այդ տրամաբանության մեջ է: Այս մասին ԱԺ-ում ասաց ՔՊ-ական պատգամավոր Կոնջորյանը:
Նրա խոսքով՝ ինքը շատ կուզեր արձագանքեր ընդդիմության ելույթներին, խոսքերին, սակայն, քանի որ նրանք դահլիճում չեն, չի խոսի:
«Ուզում եմ նշել, որ իրենց գործընկերոջ՝ Վիգեն Խաչատրյանի, հուղարկավորությանը կամ հոգեհանգստին չեն մասնակցել: Իրենք աշխատել են՝ լավից, վատից, բայց նույն դահլիճում են նստել, աշխատել, իրար տեսել, բարևել, և իհարկե՝ եղել նույն գումարման խորհրդարանի անդամ: Իմանալով, որ մեկ րոպե լռությամբ պետք է հարգենք Վիգեն Խաչատրյանի հիշատակը, դիտավորյալ չեկան նիստի սկզբից, որպեսզի ոտքի չկանգնեն ու չհարգեն: Ես կարծում եմ, որ ընդդիմությունը ոչ միայն քաղաքականապես սնանկ է, այլև մարդկայնորեն ճղճիմ: Սա ի ցույց է դնում մեր ընդդիմության ամբողջ հոգևոր և բարոյական դատարկությունը: Եվ էս մարդիկ մեզ 20 տարի ղեկավարել են: Եվ պարզ է չէ՞, որ մեր իրականությունը եղել է նրանց հոգևոր դատարկության շարունակությունը գետնի վրա: Եթե դուք լինեիք Վիգեն Խաչատրյանի փոխարեն, նա ձեր հոգեհանգստին կգար»,- նշեց Կոնջորյանը: