Դուք ուղղակի չեք լսել՝ ինչ տեղի ունեցավ, երբ ընդմիջում հայտարարվեց․ Թագուհի Թովմասյան
«Դուք բոլորդ տեսաք, հասկացաք, թե ինչ պայմաններում են ընթանում ԱԺ նիստերը, սա ուղղակի խայտառակություն է»: Այս մասին լրագորղների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանն՝ անդրադառնալով ԱԺ նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպին։
«Ամեն անգամ ինչ-որ առիթ փնտրել և նիստերը վերածել փողոցային, խուլիգանական գործընթացի... Ես այլևս շատ անհարմար եմ զգում այս դահլիճ մտնել, որովհետև ամեն անգամ մտնում ես և չգիտես, թե այս դահլիճում քեզ ինչ է սպասվում։ Ես ամաչում եմ ամեն անգամ, որ ուղիղ եթերում մարդիկ ստիպված են լսել փողոցային բառապաշարի կիրառում պատգամավորների կողմից։ Դուք ուղղակի չեք լսել, թե ինչ էր տեղի ունենում այն ժամանակ, երբ ընդմիջում էր հայտարարված։ Իշխանական պատգամավորներն անթաքույց վիրավորանքներ ու սպառնալիքներ էին հնչեցնում ընդդիմադիրների հասցեին»,- ասաց Թովմասյանը։
Նա տեղեկացրեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունն այսօրվա նիստին չի մասնակցի՝ ի նշան բողոքի։
«Այս լարվածությունն ԱԺ նախագահից սկսվեց։ Ինքը սկսեց վիրավորել ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, հետո, ի նշան բողոքի, դուրս եկավ դահլիճից, ինչից հետո ՔՊ-ականներն սկսեցին իրենց փողոցային լեքսիկոնը գործի դնել»,- ասաց պատգամավորը։