Ադրբեջանը դեռ չի հայտարարել, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը և դա խնդիր է. Ռուբեն Ռուբինյան
Բրյուսելյան վերջին հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց երկու երկրի կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին: Դրանից հետո Ադրբեջանի կողմից հերքում չի եղել: Այս մասին ԱԺ-ում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Ադրբեջանը չի հայտարարել ՀՀ տարածքների ճանաչման մասին:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի ներկայացուցիչները մինչ օրս անձամբ չեն հայտարարել այդ մասին:
«Դա միանշանակ խնդիր է: Մեր միջազգային գործընկերների մենք քննարկում ենք սա, բայց արդյոք մենք շտապել ենք, կամ չենք շտապել, պետք է հասկանալ մի շատ պարզ իրողություն՝ ՀՀ-ին պետք է, որպեսզի մեր տարածաշրջանում, կամ համենայնդեպս մեր սահմանները լինեն չվիճարկվող և չվիճարկված: Ու դա շատ պարզ պատճառով: Եթե կան սահմաններ, որոնք վիճարկված են, դրանք կարելի է տարբեր պատրվակներով խախտել: Եթե նկատել եք, ապա Ադրբեջանն իր բոլոր ռազմական սադրանքները փորձում է հիմնավորել դելիմիտացիայի բացակայության կամ այլ աբսուրդային մտքերով: Հետևաբար, ՀՀ շահերից է բխում ունենալ ֆիքսված և չվիճարկվող սահմաններ: Ընդ որում այդ սահմենները մենք ունենք, դա փաստ է: Դելիմիտացիա չունենալը չի նշանակում չունենալ սահմաններ: Բոլորը գիտեն, թե որոնք են ՀՀ սահմանները: Մենք աշխատում ենք այն ողղությամբ, որ Ադրբեջան նույնպես դրանք ճանաչի և ֆիքսի»,- նշեց Ռուբինյանը: