ՌԴ-ում զինված ապստամբության փաստի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է
Հունիսի 23-ին ՌԴ ԱԴԾ-ի կողմից հարուցված Վագներ մասնավոր ռազմական ընկերության զինված ապստամբության գործով քննությունն այսօր դադարեցվել է՝ հանցավոր գործողությունների դադարեցման հիմքով:
Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնը:
«Հունիսի 23-ին ՌԴ ԱԴԾ քննչական վարչությունում զինված ապստամբության փաստի առթիվ ՌԴ ՔՕ 279-րդ հոդվածով հարուցված քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ հունիսի 24-ին դրա մասնակիցները դադարեցրել են հանցագործությանն ուղղված գործողությունները: Հաշվի առնելով այս և հետաքննությանն առնչվող այլ հանգամանքներ՝ հունիսի 27-ին քննչական մարմինը որոշում է կայացրել քրեական գործը կարճելու մասին»,- հայտնել են ԱԴԾ-ից։