Քանի Օնիկ Գասպարյանը չի արձագանքել, նշանակում է՝ կիսում է Փաշինյանի ասած մտքերը. Տիգրան Աբրահամյան
44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի այսօրվա նիստը համեմված էր բազմաթիվ իրավիճակային խեղաթյուրումներով և անհիմն որակումներով՝ ուղղված անձանց, որոնց հետ կապված կան քրեական գործեր, բայց չկան դատավճիռներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին:
Աբրահամյանի խոսքով՝ այսօրվա հայտարարությունները նաև ուղղորդիչ էին դատաիրավական համակարգի համար: Ըստ էության նախանշվում են այն վեկտորները, նաեմեղավորության այն աստիճանը, և կոնկրետ անձինք, ում համար նախատեսված է կոնկրետ մեղավորություն ու դրա չափը:
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը մեկն է՝ իրեն այս ծանր հանցագործություններից դուրս մղելու ճանապարհին զոհաբերել բոլոր նրան, ում հնարավոր է, ում անհրաժեշտ է և ում այդ պահին նպատակահարմար կլինի»,-նշեց Աբրահամյանը:
Աբրահամյանն անդրադառնալով Օնիկ Գասպարյանի հասցեին հնչեցված Փաշինյանի հայտարարություններին, ասաց. «Քանի Օնիկ Գասպարյանը չի արձագանքել, նշանակում է՝ կիսում է Փաշինյանի ասած մտքերը»: