Արցախը երբեք չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում. դա մեր կարմիր գիծն է․ Արթուր Թովմասյան
Ադրբեջանը ոչ միայն կանխամտածված սովամահ է անում Արցախի բնակչությանը, այլև նրան հասցրել է բնաջնջման եզրին։ Այս մասին Արցախի խորհրդարանի նիստում ասաց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։
«Սիրելի հայրենակիցներ, Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, և դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է։ Դա մեր կարմիր գիծն է, որը ոչ ոք իրավունք չունի խախտելու»,- ասաց նա։
Արթուր Թովմասյանի դիտարկմամբ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և այդ երկրների առաջնորդները պետք է հասկանան, որ մեր երկրի բռնակցումն Ադրբեջանին կբերի Արցախի հայաթափմանն ու ոչնչացմանը։
«Մենք չենք կարող փոխել աշխարհի կարգը։ Փոքրիկ Արցախն իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է մեր ժողովրդի անվտանգ ու լիարժեք ապրելու իրավունքը։ Ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ համաձայնությամբ»,- հայտարարեց Արթուր Թովմասյանը։
Նա նշեց, թե բարձր են գնահատում ԵԽԽՎ-ի՝ «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» խորագրով բանաձևը, ԱՄՆ-ի Կոնգրեսում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության վերաբերյալ հայտարարությունները, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի՝ «Խոսքից պետք է անցնել գործի» հայտարարությունը։
«Քաղաքակիրթ աշխարհն ունի բոլոր լծակները՝ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի ռեժիմի դեմ, քանի Ադրբեջանը ոչ միայն արհամարհում, այլև ոտնահարում է ՄԻԵԴ և արդարադատության միջազգային դատարանի որոշումները», - հայտարարեց Արթուր Թովմասյանը։