Վաշինգտոնում բանակցություններում առաջընթացի մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն
«2023 թվականի հունիսի 27-29-ը ԱՀ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը բանակցություններ են վարել Վիրջինիա նահանգի Արլինգթոնում, Ջորջ Շուլցի արտաքին հարաբերությունների ազգային ուսումնական կենտրոնում։ Վաշինգտոնում գտնվելու ժամանակ նրանք հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և նախագահի օգնական և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:
Այս մասին գրում է Ադրբեջանի ԱԳՆ կայքը:
«Նախարարների և նրանց պատվիրակությունների միջև հավելյալ առաջընթաց է գրանցվել երկկողմ խաղաղության համաձայնագրի նախագծի և միջպետական հարաբերությունների հաստատման շուրջ բանակցություններում։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց համաձայնագրի նախագծի լրացուցիչ հոդվածների շուրջ և քայլ կատարվեց համաձայնագրի նախագծի շուրջ փոխըմբռնման ուղղությամբ։ Միաժամանակ նշվել է որոշ առանցքային հարցերի շուրջ լրացուցիչ աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։