ՊՊԾ –ն այլևս վերածվել է, վերակերպվել վարչապետին ենթակա մարմնի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
Նա շնորհավորել է ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին, ՊՊԾ բոլոր ծառայողներին, այդ թվում՝ ծառայության հիմնադրման առաջին օրից ներգրավվածներին, տոնական օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել օրենքով ու Սահմանադրությամբ իրենց առջև դրված պարտականությունները կատարելու համար:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ 2023 թվականը շրջադարձային տարի է Պետական պահպանության ծառայության համար, որովհետև այն այլևս վերածվել է, վերակերպվել վարչապետին ենթակա մարմնի:
«Սա նշանակում է, որ մենք նոր հատուկ ծառայություն ենք ստեղծել, որն ունի լուրջ պատասխանատվություն՝ երկրում անվտանգության ապահովման, ահաբեկչության դեմ պայքարի, իրավակարգի պաշտպանության տեսակետից:
Եվ այս առումով, իհարկե, պիտի ընդգծեմ, որ փոփոխությունն իրականացնելիս ցանկանում ենք ուժեղացնել, ընդգծել ծառայության լավագույն ավանդույթները և փորձել դուրս բերել աշխատանքում տեղ գտած թերությունները: Իհարկե, մեր նպատակն է, որ ծառայությունը գնալով ավելի ու ավելի ուժեղանա՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և նրա անվտանգության:
Ծառայությունն առաջին հերթին ուժային կառույց է, բայց ցանկացած ուժային կառույցի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար էական է, որ այդ գործունեությունը հենված լինի մտավոր կարողությունների, նաև զարգացման վրա:
Իհարկե, մենք առաջիկայում նախատեսում ենք կառույցի ֆիզիկական ենթակառուցվածքների, սպառազինության, տեխնիկական միջոցների բարելավում, առաջին հերթին օպերատիվ և վերլուծական կարողությունների ուժեղացում»,–նշել է Փաշինյանը: