Սովետական շրջանում ԼՂԻՄ-ը եղել է ինքնավար մարզ․ սա պետք է լինի օրակարգի հարց․ Վարդան Օսկանյան
Ընդամենն աշխատում են, որպեսզի Ադրբեջանի պահանջներին այնպիսի փաթեթավորում տան, որ ընկալելի լինի հայ ժողովրդի համար։ Ադրբեջանը նույնիսկ դա թույլ չի տալիս։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
Օսկանյանի խոսքով՝ Ադրբեջանն ուզում է իր պահանջներն այնպես գրվեն, որ տարաբնույթ մեկնաբանությունների առիթ չլինի։
«Այսօր բանակցությունները գնում են դրա շուրջ։ Այդ օրակարգում հայկական պահանջ չկա։ Պետք է դնել այդ պահանջը։ Բազմաթիվ խնդիրներից պահանջների մեջ պետք է լինի հետևյալը, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի՝ սովետական շրջանում կարգավիճակի հարցը պետք է դնել օրակարգ։ Այդ փաստի գոյությունը, որ սովետական շրջանում ԼՂԻՄ-ը եղել է ինքնավար մարզ, հենց դա պետք է այսօր լինի բանակցությունների օրակարգում»,- նշեց Օսկանյանը։