Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա. Փաշինյանը՝ Ալիևին
Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում օր օրի սրվում է։ Ինչպես տեղյակ եք, հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո ԼՂ-ը զրկված է բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ մատակարարման հնարավորություն չունեն ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահները, որովհետև Լաչինի միջանցքն արգելափակված է ամբողջապես։ Էլէներգիայի և բնական գազի մատակարարումները նույնպես ամիսներ շարունակ խափանված են Ադրբեջանի կողմից։
«Միևնույն ժամանակ, տեսնում ենք ադրբեջանական հռետորաբանության և քարոզչության շարունակական սրում՝ հատկապես ԼՂ-ի ուղղությամբ։ Չեն դադարում ՀՀ-ի հասցեին հնչող ադրբեջանական անհիմն մեղադրանքները։ Մասնավորապես, Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել ԼՂ-ից դուրս բերել Հայաստանի բանակի ստորաբաժանումներն այն պայմաններում, երբ ՀՀ-ն ԼՂ-ում զինվոր չունի»,- նշեց Փաշինյանը և ևս մեկ անգամ արձանագրեց՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա․ ԼՂ-ում գործում է ԼՂ Պաշտպանության բանակը։