Ադրբեջանը մինչ օրս շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և նրանց օգտագործել որպես քաղաքական սակարկման գործոն․ Փաշինյան
Ադրբեջանական կողմը Հայաստանին շարունակում է մեղադրել նաև ականապատման հարցերում։ Այս մասին այսօր՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ Արդարադատության միջազգային դատարանի սույն թվականի փետրվարի 22-ի որոշմամբ հերքվեցին ականապատման հարցերում Հայաստանին ուղղված մեղադրանքները։
«Հայկական կողմը նախորդ տարիներին Ադրբեջանին փոխանցեց վերջինիս վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքների ականադաշտերի քարտեզներ։ Հենց դրանց օգնությամբ են «Ադրբեջանում» (նկատի ունի Արցախի Հանրապետությունից ժամանակավորապես օկուպացված տարածքները, չակերտները՝ NEWSPRESS.am-ի) իրականացվում ականազերծման լայնածավալ աշխատանքներ։ Սրան ի պատասխան՝ Ադրբեջանը ոչ մի համարժեք քայլ չարեց։ Մինչ օրս շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և նրանց օգտագործել որպես քաղաքական սակարկման գործոն»,- նշեց Փաշինյանը։