Բրյուսելում նախատեսվում է իմ հանդիպումն Ադրբեջանի նախագահի հետ․ ցավոք, «խաղաղության» պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման համար․ Փաշինյան
Որքան էլ այսօրվա իրերի դրությունը դժվար է բարոյական, քաղաքական, անվտանգային, էմոցիոնալ առումով, խաղաղության օրակարգի իրացումն այլընտրանք չունի։ Այս մասին այսօր՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ ԼՂ-ի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի։
«Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջան բանակցություններում արձանագրված առաջընթացը շոշափելի չէ, բայց որոշակի առաջընթաց կա։ Առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է իմ հանդիպումն Ադրբեջանի նախագահի հետ՝ Եվրամիության խորհրդի նախագահի միջնորդությամբ։ Ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման համար։ Հույս ունեմ՝ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը։ Բոլոր հարցերը պետք է լուծենք դիվանագիտական ճանապարհով»,- նշեց Փաշինյանը։