Ադրբեջանի կողմից վարվող հայատյացության քաղաքականությունը հովանավորվում է պետական մակարդակով․ ՀՀ ՄԻՊ
Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիսի ժամանակ Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանը նշեց, որ Արցախի գործընկերոջ հետ ակտիվ համագործակցությամբ արտահերթ զեկույցներով են հանդես գալիս` հատուկ շեշտադրելով Ադրբեջանի կողմից վարվող հայատյացության քաղաքականությանը։
Նրա խոսքով` ադրբեջանական մամուլի ամենօրյա մոնիթորինգ է իրականացվում, հատկապես վերջին զեկույցում մանրամասն մեջբերումներ են արվել Ադրբեջանի բարձրաստիճանի պաշտոնյաների, այդ թվում` երկրի նախագահի հայատյաց խոսույթից` ընդգծելով, որ այս քաղաքականությունը հովանավորվում է պետական մակարդակով։
«Սա այնպես չէ, որ ընդամենը մեկքայլանի կոմբինացիա է, այսինքն` անմիջապես սրա արդյունքները կարող ենք ունենալ, բայց եթե պատշաճ ու գրագետ աշխատենք, կարծում եմ` հետագայում հնարավոր կլինի նաև քաղաքական գործընթացներում այս ինֆորմացիան օգտագործել։ Բայց իրավական գործընթացների տեսանկյունից, մենք և՛ դատարանի համապատասխան ակտերն ունենք, և՛ միջազգային գործընկերների արձագանքը։ Մեզ, ըստ էության, մնում է այն վերջին՝ գործնական քայլերի տեսանելիությունը»,- ասաց Մանասյանը։