Ադրբեջանն ամեն ինչ անում է «Կարմիր խաչն» Արցախից հանելու համար՝ դեմ է դուրս գալիս միջազգային հումանիտար իրավունքին. Արցախի ՄԻՊ
Պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանն այսօր ցանկացած առիթ օգտագործելու է «Կարմիր խաչն» Արցախից հանելու համար։ Միակ միջազգային ներկայացուցչությունը, որը մենք ունենք Արցախում Կարմիր խաչն է։ Այս մասին Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ «Կարմիր խաչը» քիչ թե շատ իր չեզոքության, անկախության սկզբունքները պահպանելով՝ փորձում է հումանիտար իրավիճակին գոնե ինչ-որ ձևով օգտակար լինել։
«Ուզում եմ մի կարևոր շեշտադրում անել, այն է՝ հումանիտար միջազգային առաքելություն իրականացնող կազմակերպության և առհասարակ նման պահանջներ ներկայացնելը միանշանակ հակասում է միջազգային հումանիտար իրավունքին։ Հումանիտար աջակցություն իրականացնող կազմակերպությունն ինքը պետք է որոշի, թե ինչպես է աջակցություն տրամադրում շահառու ժողովրդին կամ տուժած ժողովրդին։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանն ուղղակի քաղաքականացնում է «Կարմիր խաչի» ներկայությունն Արցախում, ապա ինքը դեմ է դուրս գալիս միջազգային հումանիտար իրավունքին»,- նշեց Գեղամ Ստեփանյանը և վստահեցրեց, որ սա գիտակցում է նաև «Կարմիր խաչի» ամենաբարձր օղակներում։