Ադրբեջանական կողմի սադրանքների կարևորագույն նպատակն Արցախում խաղաղապահ առաքելության հեղինակազրկումն է․ Արցախի արտգործնախարար
Արցախի իշխանություններն ակնկալում են, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների շրջանակում կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի Լաչինի միջանցքի (Քաշաթաղի միջանցք - խմբ.) արգելափակումը վերացվի։ Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ընթացքում այս մասին հայտարարեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը։
«Արցախում օր օրի իրավիճակն ավելի է բարդանում, հետևաբար ռուս խաղաղապահները, գտնվելով այնտեղ, պետք է իրենց իրավասությունների շրջանակում գործադրեն բոլոր քայլերը, առավել ևս, որ ադրբեջանական կողմի սադրանքների կարևորագույն նպատակը հենց խաղաղապահ առաքելության հեղինակազրկումն է»,- նշեց նա։
Ղազարյանի խոսքով՝ այս պահին Արցախում այլ խաղաղապահ առաքելություն ունենալու հեռանկարն այդքան էլ մեծ չէ, և դա այդքան արագ չի էլ կարող տեղի ունենալ, քանի որ բավականին լուրջ գործընթաց է՝ հատկապես միջազգային հարաբերություններում առկա ճգնաժամի պայմաններում։