Ո՞րը պետք է լինի հայկական կողմի նպատակը բանակցություններում․ Օսկանյանը պարզաբանում է
Մի քանի օր առաջ իմ տված հարցազրույցում հնչեցրած ճանապարհները մեծ հետաքրքրություն են առաջացրել։ Բազմաթիվ զանգեր եմ ստացել։ Հիմնական հարցադրումն այն է, թե ինչպես դա կարելի է անել։ Հավատալով իմ ասածին, տեսած լինելով իմ անցած ճանապարհը՝ մարդկանց մոտ հենց այդ հարցն է առաջանում։ Այս մասին տեաուղերձով ասաց ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
Օսկանյանը կրկին այն համոզմանն է, որ ինքը կարող է դա անել, եթե իրեն և մի խումբ դիվանագետների լիազորություն տրվի, ընդ որում՝ ամբողջական լիազորություն՝ առանց կողքից խանգարելու։
«Մենք այսօր այդ հնարավորությունն ունենք։ Բանակցային գործընթացն ու դրա՝ այսօրվա ընկալումը չի համապատասխանում այն, ինչին որ մենք ունակ ենք։ Ընդհանուր ընկալումն այն է, որ մենք, անկախ ամեն ինչից, այսօր պատրաստ ենք գնալ հարցի լուծմանը, որովհետև մենք մտահոգ ենք պատերազմով և ընդունելու ենք Ադրբեջանի ցանկացած պայման՝ միայն ու միայն, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Դա, իհարկե, սխալ ընկալում է։ Գուցե իշխանությունների ցանկությունը հենց դա՞ է։ Եվ իրոք դա է։ Բայց դա հայ ժողովրդի ցանկությունը չէ։ Առաջին հերթին պետք է այդ ընկալումը փոխել, ամբողջ բանակցային գործընթացը փոխել։ Հիմնական շեշտադրումը պետք է լինի նրա վրա, որ մենք ոչ թե այս նոր ստեղծված պայմաններում գնում ենք հապճեպ որոշումների, այլ մենք խնդիրը ձևակերպում ենք այնպես, որ հայկական կողմը պատրաստ է մտնել բանակցությունների Ադրբեջանի հետ՝ որոնելու այն ճանապարհները, որ հնարավորություն կտա հասնել արդար, երկարատև և կայուն խաղաղության»,- նշեց Օսկանյանը։