Վագներականները հունիսին մտել են միջուկային ռազմաբազա. Reuters
Հունիսի 24-ին դեպի Մոսկվա երթի ժամանակ Վագների վարձկանների մի մասը գնացել է ռուսական բանակի ամրացված բազա, որտեղ միջուկային զենք է պահվում, գրում է Reuters-ը՝ վերլուծելով խմբավորման տեղաշարժերի տեսանյութը և տեղի բնակիչների հետ զրուցելուց հետո։
Գործակալության տվյալներով՝ վագներականները հասել են Վորոնեժի շրջանի Տալովայա քաղաք, որտեղ ռուս զինվորականները մարտի մեջ են մտել նրանց հետ։ Հենց այս վայրի կողքին խոցվել է ՊՆ Կա-52 ուղղաթիռներից մեկը։ Վարձկանների նպատակն էր թափանցել Վորոնեժ-45 բազա։ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը Reuters-ին ասել է, որ ապստամբներին հաջողվել է միջուկային զենքով բազա մտնել:
Բուդանովի վարկածը մասամբ հաստատել է Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը:
Միջադեպը անհանգստություն է առաջացրել Կրեմլում և նպաստել ապստամբների հետ վաղաժամ բանակցություններին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ: