ԱՆ-ին և ԲԴԽ-ին կոչ ենք անում զերծ մնալ Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքները ոտնահարելուց. հայտարարություն
Վերջին ժամանակներս ՀՀ արդարադատության նախարարության և Բարձրագույն Դատական Խորհրդի կողմից կարգապահական վարույթներով իրականացվող քաղաքականության հետևանքով հանրության մեջ անվստահության մթնոլորտ է ձևավորվում դատական իշխանության անկախության նկատմամբ, որը մտահոգում է ինչպես հանրությանը, այնպես էլ իրավական հանրությանը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի վետերան դատավորների միության հասարակական կազմակերպությունը։
Վետերան դատավորները ՀՀ Արդարադատության նախարարությանը և ՀՀ Բարձրագույն Դատական Խորհրդին կոչ ենք արել՝ տուրք չտալ պատեհապաշտությանը, Խստագույնս գործել ՀՀ Սահմանադրությամբ, գործող օրենքներով և այլ իրավական ակտերի պահանջներով, առավելագույնս ապահովելով Դատական իշխանության անկախությունը և ձեռնպահ մնալ ցանկացած միջամտությունից, որը կարող է խաթարել վերջինիս բնականոն գործունեությանը, քանի որ Դատական իշխանության անկախությունը Հայաստանի Հանրապետության որպես իրավական պետության ստեղծման, զարգացման և հզորացման հիմնասյուներից մեկն է։
«Անհապաղ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել միջազգային կառույցների կողմից արձանագրված ՀՀ Դատական իշխանության գործունեության ոլորտում դատարանների և դատավորների անկախությանը խոչնդոտող ամեն տեսակի խախտումները և թերությունները վերացնելու համար։ Զերծ մնալ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքները ոտնահարելուց»,- նշված է հայտարարության մեջ։