Եթե ժողովուրդը զինված է, իշխանությունները շատ ավելի լուրջ են վերաբերվում ժողովրդին․ ՔՊ-ական պատգամավոր
Կյանքը ցույց է տալիս, որ զենքի ազատ վաճառքը դեմոկրատիկ հնարավորություններ է տալիս հասարակությանը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
Վերջինս նաև տվեց իր ասածի հիմնավորումը․ «Օրինակ ամբողջ հասարակությունն իրենից ներկայացնում է ժողովրդին, իշխանությունը և հանցագործ աշխարհը։ Իշխանություններն ուզեն-չուզեն զինված են, հանցագործ աշխարհը զինված է, իսկ ժողովուրդը՝ ոչ։ Դրա համար էլ ամեն ինչ թափվում է ժողովրդի գլխին։ Պետք է այս հավասարակշռությունը վերականգնենք։ Սա մեկ։ Եվ երկրորդ՝ երբ մենք թույլ չենք տալիս, որ մարդը զինվի, ապա նրան զրկում ենք ինքնապաշտպանության իրավունքից։ Մարդն իրավունք ունի ինքնապաշտպանվելու։ Միշտ չէ, որ պետությունը կանգնած է մարդու կողքին։ Երբ մարդը գնում է ու ինչ-որ սոված շները կարող են ուտել մարդուն, իսկ նա զրկված է ինքնապաշտպանությունից։ Ընդհանրապես, եթե ժողովուրդը զինված է, իշխանությունները շատ ավելի լուրջ են վերաբերվում ժողովրդին, որը նրան իշխանություն է տվել»։