Արզիկ Հարությունյանը պետական դավաճանության համար Արցախում դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
Արցախի Հանրապետության դատախազությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացրել է, որ պետական դավաճանություն գործելու համար քաղաքացին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ի լրումն դատախազության կայքում 31.10.2022թ. տեղադրված՝ «Պետական դավաճանության ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան» վերտառությամբ հաղորդագրության.
ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դռնփակ դատական նիստում քննության առնելով քրեական գործն ըստ մեղադրանքի Արզիկ Հարությունյանի՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական դավաճանությունը), 2023թ. հուլիսի 11-ի դատավճռով Ա. Հարությունյանին մեղավոր է ճանաչել պետական դավաճանություն կատարելու մեջ և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ ազատազրկում 10 (տասը) տարի ժամկետով»: