Միջազգային հանրությունը, ՌԴ-ն ու Հայաստանը դիտորդի կարգավիճակով կողքից նայում են, թե ինչ է կատարվում Արցախում․ Արցախի պետնախարար
Այսօր Արցախցին ելել է ոտքի, որպեսզի հայտարարի, որ բավ է։ Ադրբեջանն ու աշխարհը ուզում են Արցախը դարձնել զոհասեղան, որի վրա դրված է մեր հայրենակիցների, մեր երեխաների կյանքը։ Մենք դա թույլ տալ չենք կարող։ Այս մասին Արցախում մեկնարկած շարժման ժամանակ հայտարարեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Նրա խոսքով՝ եթե 2022թ․-ի դեկտեմբերի 12-ից արցախցին ստիպված էր թերսնվել, եթե մեր երեխաներն ու տարեցները առողջական խնդիրներ ունեցող քույրերն ու եղբայրները հարկադրված էին ծանրագույն կենսական դժվարությունների միջով անցնել, ապա 2023թ․-ից ժողովրդին կանգնեցրել են ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգի առաջ։
«Գրեթե մեկ ամիս է՝ Արցախն ապրում է սեփական ներքին ռեսուրսների հաշվին, փորձել ենք այնպես անել, որ շրջափակումը նվազագույն ազդեցություն ունենա արցախցու վրա՝ հույս ունենալով, որ կարճ ժամանակահատվածում միջազգային հանրությունը, ՌԴ-ն և ՀՀ-ն վճռական քայլեր կձեռնարկեն այս մահաբեր աղետի ընթացքը կանգնեցնելու համար, բայց պարզվեց, որ բոլորը դիտորդի կարգավիճակով կողքից հետևում են այդ ամենին»,-ասաց պետնախարարը։