Ձեզ ի՞նչ է պետք, ինչի՞ն եք սպասում․ ուզում եք այս հրապարակում ամեն օր դիակնե՞ր ունենանք՝ նո՞ր արձագանքեք․ Ներսիսյանը՝ ՀՀ-ին, ՌԴ-ին և միջազգային հանրությանը
Արցախի Վերածննդի հրապարակում ընթացող շարժման ժամանակ Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հարց հղեց միջազգային հանրությանը, ՌԴ-ին և Հայաստանին։
«Ձեզ ի՞նչ է անհրաժեշտ, դուք ինչի՞ն եք սպասում, ուզում եք այս հրապարակում ամեն օր մարդկանց դիակներ ունենանք, որ նոր արձագանքեք։ Ուզում եք երկու մանկահասակ երեխաների դեպքի կրկնությունը լինի, որ խելքի գաք։ Ձեզ բոլորիս անունից ասում եմ՝ բավակա՛ն է։
Եթե միջազգային հարաբերություններում հարկ է լինում որևէ մեկի վրա ճնշում գործադրելու, ապա մուրճի ամբողջ հարվածն ընկնում է արցախցու գլխին։ Բա՛վ է արցախցուն դարձնեք Ձեր հարաբերությունների կառուցման և հակադրությունների կարգավորման մանրադրամը։ Բավ է մեր ժողովրդի արյան հաշվին Արևմուտք-Ռուսաստան հակամարտության վարումը»,- նշեց Ներսիսյանը։