Սա իրավաբանական դեպք չէ, հոգեբուժական դեպք է. Արմեն Աշոտյանի պաշտպան
Միշտ ասել ճշմարտությունը, որը ամենահզոր զենքն է, որը կարող է տապալել ցանկացած հակահիգիենիկ իշխանություն, ինչպես որ ունենք Հայաստանում։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Նրա գնահատմամբ, Արմեն Աշոտյանի գործը պայքարի հենց այդ գործիքներից մեկն է։
«Աշոտյանի քրեական գործն իրավաբանական առումով այնպիսի նոնսենս է, աբսուրդ է, դա խորը հոգեբուժական խնդիրներ ունեցող մարդու մտքի ծնունդ կարող է լինել»,- ասաց նա՝ մանրամասն պարզաբանելով, թե ինչու է այդպես կարծում։
Աթանեսյանը նկարագրեց դեպքն ու նկատեց, որ եթե այդ ամենի մեջ տեսնում են վատնում, ինչպես նախանշված է գործում, ապա դա ոչ թե իրավաբանական, այլ հոգեբուժական դեպք է՝ իշխանության կողմից։
Ըստ փաստաբանի՝ ձևական առիթ էր պետք։
Նա տեղեկացրեց, որ գործը քննվել է 4 տարի ու արդեն կարճման էր գնում, երբ Արգիշտի Քյարամյանը որոշեց գործը բացել։
«Հավատացեք, Վանո Սիրադեղյանի ժամանակ շատ ավելի ազնիվ էր, երբ մարդու գրպանը պլան կամ զենք էին գցում։ Շատ ավելի ազնիվ էին, ասում էին՝ ուզում ենք դու նստես։ Իհարկե, դա սրիկայություն էր, բայց շատ ավելի ազնիվ էր, քան այն, ինչ հիմա է կատարվում։ Այսինքն՝ Վանո Սիրադեղյանի աշակերտը հեչ բանի պետք չեկավ»,- ասաց Տիգրան Աթանեսյանը՝ հավելելով, որ սա դասական քաղաքական հետապնդում է։