Եթե ՌԴ-ն որոշի դուրս գալ ԼՂ-ից, ապա դա նշանակում է, որ զանգվածային սպանդի վտանգ առնվազն չկա․ Փաշինյան
Լեռնային Ղարաբաղում (խմբ․ Արցախ) ռուս խաղաղապահների տեղակայումն ունի նպատակ և այդ նպատակն արձանագրված է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի համապատասխան որոշման մեջ։ Այդ որոշման մեջ ասվում է, ՌԴ Դաշնային ժողովը ՌԴ նախագահին թույլ է տալիս խաղաղապահ խումբ գործուղել Լեռնային Ղարաբաղ՝ ԼՂ-ում բնակչության զանգվածային զոհվելը կախարգելելու համար։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հենց ՌԴ նախագահն է դիմել Դաշնային ժողովին, որ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղ գործուղել խաղաղապահ զորախումբ՝ բնակչության զանգվածային սպանդը կանխելու ուղղությամբ։
«Հիմա եթե ՌԴ-ն որոշի դուրս գալ՝ անկախ նրբություններից, ապա դա առնվազն նշանակում է, որ ԼՂ-ում նման վտանգ առնվազն չկա։ Եթե նման վտանգ չկա, ապա դա, օրինակ, նշանակում է, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակներում գտնվել է արդյունավետ և կողմերն արձանագրում են, որ խաղաղապահ զորախմբի ներկայություն այլևս չկա»,- նշեց Փաշինյանը։