Կամ մեդիագրագետ չեն, կամ ստեր տարածելով են զբաղված. Թունյանը՝ Սնուփ Դոգի համերգին 23 մլն դոլար ծախսելու լուրերի մասին
Ռեփեռ Սնուփ Դոգի համերգի վրա ՀՀ կառավարության կողմից 23 մլն դոլար ծախսելու մտադրության մասին նորություններն այսօր ողողել էին համացանցը, ինչի վերաբերյալ ՔՊ-ական պատգամավոր, տնտեսագետ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում մեկնաբանություն է թողել՝ գրելով.
«Ամենազավեշտալին այն է, որ իրենք իրենց մեդիագրագետ, տեղեկացված ու գիտակ համարող մարդիկ տարածում են Սնուփ Դոգի համերգի համար կառավարության կողմից իբր 23 մլն դոլար ծախսելու մասին «լուրը», դրա վրա ստատուսներ, վերլուծություններ ու հումորներ անում:
Դա անում են այն դեպքում, երբ որևէ հավաստի սկզբնաղբյուր չեն տեսել: Դա շարունակում են անել կառավարության կողմից այդ տեղեկությունը հերքելուց հետո (այսինքն՝ անհայտ աղբյուրի լուրը տեսել են, կառավարության հերքումը՝ ոչ):
Այստեղից կարելի է անել երկու հետևություն:
Կա՛մ այդ մարդիկ իրականում մեդիագրագետ չեն և նրանց հնարավոր է մանիպուլացնել անհայտ աղբյուրներից տարածվող լուրերով:
Կա՛մ այդ մարդիկ իրենք են զբաղված մանիպուլյացիաներով և ստեր տարածելով:
Եթե երրորդ տարբերակ կա, ասեք՝ իմանանք»: