Սա նպատակ ունի, իրենց մտածելակերպով, «դիմակազերծել հայերի կազմակերպած կեղծ հումանիտար աղետը». քաղաքագետ
«Բաքվից Ստեփանակերտ է ուղևորվել երկու մեծ բեռնատար, 40 տոննա բեռով: Ըստ ադրբեջանական աղբյուրների հումանիտար օգնությունն ուղարկում է Կարմիր կիսալուսնի կազմակերպությունը, երևի Կարմիր խաչի նման մի կառույց է։ Հաղորդում են, որ հետո պատրաստ են նորից ուղարկել»: Այս մասին գրել է քաղաքագետ Գարիկ Քեռյանն ու հավելել.
«Այ քեզ արևելյան խորամանկություն, այ քեզ դիվանագիտություն: Սա նպատակ ունի ըստ իրենց մտածելակերպի դիմակազերծել հայերի կազմակերպած կեղծ հումանիտար աղետը:
Հիմա, եթե երկու բեռնատարները Աղդամից մտան Ստեփանակերտ, առաջին ճեղքման փորձը կհաջողեն: Շուտով Կոռնիձոր մոտ տեղ կհասնեն նաև ֆրանսիական բեռնատարները, ասում են օգոստոսի վերջերին:
Այսպիսով Արցախի սահմաններին հումանիտար բեռների խցանում է, Արցախի ներսում հումանիտար աղետ, անցակետում երիտասարդների առևանգում, սահմաններում կրակոցներ և զոհեր, Երևանում քաղաքային ընտրություններ, իսկ մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման մոնիտորինգ: Նաև ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակազրկում որքան հնարավոր է, որն ավելի ցցուն է դառնում Մակրոնի հրապարակային հայանպաստ ելույթներից:
Դե եկ վարդապետ ու մի խենթանա: Ինչպես կասեր հանրահայտ 01-99 ֆիլմի հերոսը «էս ինչ հաշիվ ա» կամ «մի հատ կանգնեք, տեսնենք ով ում բարեկամն ա»...»։