Պատերազմի երջանիկ ավարտ չկա. Զելենսկի
Սառեցված հակամարտությունը չի նշանակում խաղաղություն, քանի որ Պուտինը ցանկանում է տիրել ողջ Ուկրաինային, ոչնչացնել այն և ուկրաինացիներին: Նա չի հասկանում, որ Ուկրաինան երբեք չի նահանջի և չի զիջի իր հողերը: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա ընդգծել է, որ հակահարձակման արագացումը կախված է բազմաթիվ գործոններից:
«Ուկրաինան իր դաշնակիցներից զենք էր ակնկալում և հակահարձակում չձեռնարկեց։ Հենց այս ակնկալիքն էր, որ թույլ տվեց Ռուսաստանին նախապատրաստվել ուկրաինական հակահարձակմանը, մասնավորապես՝ իրականացնել տարածքի ականապատում և միանգամից երեք պաշտպանական գիծ ստեղծել»,- ասել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը նշել է, որ պատերազմի երջանիկ ավարտ չկա. «Մենք միայն ցանկանում ենք հասնել հաջողության և երջանիկ ավարտի: Դա կինո չէ, մեկուկես ժամ չի տևում։ Սա հակահարձակում է։ Սա երջանիկ ավարտ ունեցող ֆիլմ չէ։ Մենք դա չենք ունենա, մենք շատ մարդկանց ենք կորցրել: Սա երջանիկ ավարտ չէ»: