Ըստ պայմանավորվածության՝ Լաչինի միջանցքը պետք է ամբողջությամբ բացվի. Սեյրան Օհանյան
Որքան էլ այսօր մենք ասենք, որ Արցախի ժողովրդի ոգին բարձր է, և նրանք տրամադրված են պայքարելու, այնուամենայնիվ գիտեք, որ այնտեղ հումանիտար ճգնաժամ է և հումանիտար ճգնաժամում նման քայլերը կարող են թեթևացնել ժողովրդի սոցիալ-տնտեսական պայմանները: Մանավանդ որ այս մեքենայի շարժը, որը մտել է Արցախ Ակնայով, հնարավորություն է տալու, որ Լաչինի միջանցքն ամբողջությամբ կբացվի: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Լաչինի նոր ճանապարհը, որը կառուցվել է, միջանցք չէ, Հայաստանի իշխանություններն ի՞նչ են մտածում դրա մասին, որովհետև միջանցքն իր մեջ ներառում է այլ ենթակառույցներ, նկատի ունեմ` և' գազատար, և' էլեկտրականություն, և' կապի մալուխներ: Այնուամենայնիվ, այդ ճանապարհը պետք է բացվի, և ամեն ինչ պետք է անել նախևառաջ միջազգային հարթակներում Ադրբեջանին պարտադրելու, որ այս միջանցքը բացվի: Երբ որ ռուսական մեքենան է անցել Ակնայով, կարծում եմ, նաև կարելի է այդ հարցը դնել ռուսական իշխանությունների առջև, որպեսզի իրենք էլ գործնական, հստակ քայլեր ձեռնարկեն Ադրբեջանին պարտադրել ճանապարհը բացելու համար»,- ասաց պատգամավորը:
Օհանյանի խոսքով` եթե Ռուսաստանի մեքենան է անցել, նշանակում է` առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ է պայմանավորվածությունը:
Արցախը պետք է ավելի ինքնուրույն, ազատ գործոն դառնա, որպեսզի ինքը կարողանա միջազգային հարաբերություններում կոնկրետ նաև իր շահերը թելադրի Ադրբեջանին»,- նկատեց Օհանյանը:
Հարցին, թե երաշխիքը ո՞րն է, որ Լաչինի միջանցքը բացելուց հետո շարունակելու է գործարկվել, ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նշեց, որ երկու երաշխիք կա. առաջինը` ազգային երաշխիքներն են` մեր անվտանգության համակարգն է, նաև` համախմբվածությունը:
«Ես նկատի ունեմ նաև Հայաստանի Հանրապետության ուղիղ կապն Արցախի իշխանությունների հետ և նման աջակցությունն ամեն ուղղությունով: Երկրորդ երաշխիքը միջազգային երաշխիքներն են, բայց կարծես թե այստեղ միջազգային երաշխիքներն ավելի մեծ դերակատարություն ունեն: Հասկանալի է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունը, խաղաղության օրակարգը, ակնհայտ է, որ կեղծ են, Ադրբեջանը ցանկացած պահի կարող է խախտումներ իրականացնել»,- շեշտեց Պաշտպանության նախկին նախարարը: