Ադրբեջանը Փաշինյանին մեղադրում է օրը մի քանի անգամ հակասական կարծիքներ հայտնելու մեջ
Հայաստանը պետք է դադարեցնի կոպիտ միջամտությունն Ադրբեջանի ներքին գործերին։ Այս գրում է APA-ն՝ հղում տալով, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» համայնքին։
«Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «POLITICO Europe»-ին և վերջին օրերին արված այլ հայտարարությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ նա օրը մի քանի անգամ հակասական կարծիքներ է հայտնում, հետևողական քաղաքականություն չի վարում, չի հրաժարվել Ադրբեջանին տարածքային պահանջներից։ Այսպիսով իրավիճակը միտումնավոր սրվում է։ Հայաստանը կրկին երազում է ինչ-որ միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին։ Ադրբեջանի քաղաքականությունը Արցախում (խմբ.) բնակվող հայազգի բնակիչների նկատմամբ, ինչպես նաև նրանց հետ երկխոսությունը, զուտ Ադրբեջանի ներքին խնդիրն է, և այդ հարցերը Հայաստանի հետ կապ չունեն։ Հայաստանը պետք է դադարեցնի «կոպիտ» միջամտությունն «Ադրբեջանի ներքին գործերին»։ Սա անլուրջ և վտանգավոր քաղաքականություն է»,- ասվում է հայտարարության մեջ։