Փաշինյանը Հայաստանի անունից է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ոչ թե Արցախի․ ՔՊ պատգամավոր
Ակնայի ճանապարհի բացման հետ կապված քննարկումները գտնվում են Լեռնային Ղարաբաղի իշխանության տիրույթում, Հայաստանը բացառապես Լաչինի միջացքի շուրջ է քննարկումներ ունենում։ Այս մասին ԱԺ ճեպազրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
Ճշտող հարցին, թե Արցախի իշխանությունները կիսո՞ւմ են ձեր տեսակետը, որ որպես այլընտրանք չի կարող լինել Աղդամի ճանապարհը, իշխանական պատգամավորն ասաց․ «Մենք չենք կարող խոսել ԼՂ իշխանությունների անունից, նման իրավասություն չունենք, այդ հարցը պետք է ուղղեք նրանց։ Հայաստանն իր ստորագրության տերն է, ու Հայաստանը շարունակում է պնդել Լաչինի միջանցքի ապաշրջափակման ապահովման մասին»։
Իսկ դիտարկմանը, թե եթե ՀՀ իշխանությունն իրավունք չունի խոսել Ղարաբաղի իշխանությունների անունից, ապա այդ դեպքում ինչո՞ւ է Փաշինյանը հայտարարել, թե ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում», Ջուլհակյանն արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանը ՀՀ անունից է խոսում, այսինքն` Արցախի անունից չէ, որ ճանաչում է Ադրբեջանի կազմում»։