Բայդենն իր գործողություններով օգնել է ՌԴ-ին․ The Telegraph
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն իր գործողություններով ցույց է տալիս Արևմուտքի կեղծավորությունը՝ ակամա օգնելով Ռուսաստանին և Չինաստանին անտեսել «բարոյական գերազանցության» արևմտյան պնդումները։ Այս մասին գրում է բրիտանական The Telegraph թերթը։
Հոդվածի հեղինակի խոսքով՝ Բայդենը որոշումներ կայացնելու լիազորություն է պատվիրակել իր օգնականներին, ինչը թույլ է տալիս Ռուսաստանին և Չինաստանին արհամարհել «բարոյական գերազանցության» արևմուտքի պնդումները։
Նշվում է, որ Բայդենն այլևս չի կարող կատարել ԱՄՆ նախագահի դերը, սակայն նրա շրջապատը ձևացնում է, թե չի նկատում նրա մտավոր կարողությունների թուլացումը։
«Այս անհարմար ճշմարտության ժխտումը պլատոնական ավանդույթի ազնիվ սուտն է։ Դեպք, երբ նպատակն արդարացնում է միջոցները։ Բայց շատերի կարծիքով՝ սա անտեղի դաժանություն է, 80-ամյա տղամարդուն պետական կարևոր պաշտոնում պահելու անսիրտ որոշում, թեև նա շատ ավելի լավ կլիներ վայելեր իր թոշակը»,- գրում է հեղինակը։
Ավելի վաղ Բայդենը Ժնևում կայացած հանդիպման ժամանակ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին ասել էր, որ Չինաստանն «այնքան մեծ հարգանք չունի» Ռուսաստանի նկատմամբ:
ԱՄՆ պետքարտուղարությունն էլ իր հերթին հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Չինաստանն այժմ ներկայացնում են մոլորակի «ամենասուր վտանգը համաշխարհային կարգի համար»։