Լարվածություն միշտ սպասում ենք թե՛ ԼՂ-ում, թե՛ ՀՀ սահմանում . Արարատ Միրզոյան
Լարվածությունն, իհարկե, պահպանվում է, Ադրբեջանի այսպիսի անկանխատեսելի պահվածքի պարագայում միշտ պետք է լարվածություն սպասել, ընդ որում, թե՛ ԼՂ-ում, թե՛ ՀՀ սահմանին։ Այդ մասին այսօր Երևանի քաղաքապետ ընտրելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Լարվածություն միշտ սպասում ենք և ակտիվորեն աշխատում ենք միջազգային բոլոր գործընկերների հետ։ Պետք է շարունակենք աշխատել, մինչև Ադրբեջանը կառուցողական դաշտ գա»,- ասել է նախարարը։
Նա նշեց, թե խաղաղության պայմանագրի շուրջ ամենասկզբունքային հարցերում Բաքվի հետ դեռևս տարաձայնություններ կան։
Անդրադառնալով Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մեջ միջազգային մեխանիզմներ ներդնելուն, Միրզոյանն ասաց.
«Համոզված ենք, որ ԼՂ վերաբերյալ բոլոր խնդիրները պետք է քննարկվեն Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների միջև, աշխարհում մնացած բոլորը կարող են միայն աջակցող դերակատարում ունենալ։ Ինչո՞ւ միջազգային մեխանիզմ, որովհետև մենք կարծում ենք, որ նույնիսկ եթե այդ երկխոսությունը սկսվի, Բաքուն փորձելու է ուլտիմատիվ կերպով վարել այն, թելադրել պահանջներ։ Չեմ կարծում, թե անկեղծ ու իրական երկխոսություն կլինի, եթե չլինի միջազգաին ներկայություն»։