Հայկ Մարությանը փոխանցել է միավորման մասին իր դիրքորոշումը. բացառիկ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Հայկ Մարությանը համաձայն է միավորվել «Մայր Հայաստան» դաշինքի և «Հանրային ձայն» կուսակցության հետ՝ միայն մեկ պայմանով, որ կոալիցիոն կամ այլ բնույթի փաստաթուղթ չստորագրվի:
Մեր աղբյուրները հայտնում են, որ Հայկ Մարությանը կողմերին փոխանցել է, որ եթե իսկապես մտադիր են Նիկոլ Փաշինյանի թիմին պարտության մատնել, ապա տրամաբանական կլինի, որ բոլորը հավաքվեն և իրեն ընտրեն քաղաքապետ, քանի որ ամենաշատ ձայնն ինքն է հավաքել: Իսկ երբ Երևանն ազատագրված կլինի ՔՊ ճիրաններից, արդեն մնացած հարցերի շուրջ հնարավոր կլինի պայմանավորվել:
ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ Անդրանիկ Թևանյանն այս առումով ամենակառուցողկանն է տրամադրված, միայն թե Երևանն ազատագրի Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ականներից: Իսկ ահա «Հանրային ձայն»-ը, կարծես թե, չի ցանկանում առանց փաստաթուղթ միավորվել, պնդում է, որ համաձայն է Մարությանին քաղաքապետ ընտրել՝ պայմանով, որ վերահսկողական լծակները փոխանցվեն իրենց:
Այսպիսով, հակաիշխանական միավորման տարրերն արդեն նշմարվում են, նկատվում է նաեւ, որ Հայկ Մարությանը կարծես թե քաղաքապետ կընտրվի, իսկ մնացածի շուրջ, թերևս, պայմանավորվածության կհանգեն: Այսինքն՝ եթե ոչ գրավոր, ապա գոնե ջենթլմենական պայմանավորվածության արդյունքում ընդդիմադիրների միավորումը կկայանա: