Վերաինտեգրման հարցում կլինեն դժվարություններ, քանի որ կգտնվեն մարդիկ, որոնց դա դուր չի գա, ու որոնք դա չեն ընդունի․ կնախընտրեն ապրել այլ երկրում․ Ալիևի օգնական
Ղարաբաղի հայերի ինտեգրումն Ադրբեջանի տնտեսական, քաղաքական և սոցիալական կյանքին դժվարություններով կուղեկցվի, և մենք պետք է պատրաստ լինենք այն բանին, որ որոշ բնակիչներ չեն ընդունի այդ քաղաքականությունը և կորոշեն հեռանալ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ Reuters-ին տված հարցազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ դժվարություններ կլինեն, սա ոչ ոք չի հերքում։ Կարևորն այն է, որ իրենք ունեն դեպի վերաինտեգրում առաջ շարժվելու քաղաքական տեսլական։
«Միևնույն ժամանակ, մենք պետք է իրատես լինենք. կգտնվեն մարդիկ, որոնց դա դուր չի գա, ու որոնք դա չեն ընդունի։ Եվ մարդիկ սա պետք է ընդունեն ու հարգեն։ Իրավունքներն իրականացնելիս պետք է հաշվի առնել որոշակի պարտավորություններ և պարտականություններ։ Միգուցե կլինեն այնպիսիք, ովքեր չեն ընդունի դա և կնախընտրեն ապրել այլ երկրում։ Դա իրենց որոշումն է: Մենք հարգում ենք նրանց որոշումները»,-ասել է նա։