ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են բողոքի ակցիա անող բուժաշխատողների հետ
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության երևանյան գրասենյակի մոտ շուրջ 2 ժամ բողոքի ակցիա անող բուժաշխատողներից մի քանիսը հանդիպել են ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ։
ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք մշտապես կոնֆիդենցիալ երկխոսությունն են վարում կողմերի հետ, որպեսզի կարողանան լուծումների հասնել` մարդասիրական հարցերն ուշադրության կենտրոնում պահելով։
Հարցին` արդյոք կարող են իրենք կազմակերպել Հայաստանից բուժաշխատողների տեղափոխումն Արցախ, Զառա Ամատունին շեշտեց` ԿԽՄԿ–ն չի կարող նման գործելաոճ որդեգրել։
«Մենք աշխատում ենք մեր մասնագետների օգնությամբ, բնականաբար համագործակցում ենք համապատասխան պատկան մարմինների հետ։ Ցանկացած որոշում կայացվում է կողմերի համաձայնությամբ, բայց մեր գործելաոճը, դրանից բացի, ենթադրում է, որ կարող ենք աշխատել միայն մեր անձնակազմի հետ»,– ասաց նա։
Ակցիայի մասնակից Արեգա Հովսեփյանը, որը ծնվել և մեծացել է Արցախում, նշեց, որ իրենք հստակ ասել են, որ բժիշկները սպասելու ժամանակ չունեն։
«Մեր հանդիպումը բավարար չէր, բայց որոշ խոսակցություններ էլ եղան, որոնք, կոնֆիդենցիալությունից ելնելով, չեմ բարձրաձայնի։ Մենք նաև ասացինք, որ ԿԽՄԿ–ն չպետք է սպասի այնքան, որ վիճակը ծայրահեղ լինի, քանի որ արդեն այդպիսին է»,– նշեց Հովսեփյանը։