«Մարդիկ ազատ հեռանում են Արցախից»․ կա՞ աշխարհում մեկը, որ հավատում է Ադրբեջանի ստերին․ Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան(X) իր էջում արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարությանը, իբրև թե «մարդիկ Արցախից հեռանում են ազատ, անխոչընդոտ»։.
«DW-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնականը պնդում է, որ մարդիկ ազատ հեռանում են Լեռնային Ղարաբաղից: Ես ուզում եմ հասկանալ, արդյո՞ք աշխարհում կա մեկը, որ հավատում է ադրբեջանական հերթական ստահոդ խոսակցություններին»։
1. Մարդիկ հեռանում են, քանի որ նրանց վրա հարձակվում են ադրբեջանցի զինվորականները։
2. Մարդիկ հեռանում են, որովհետև իրենց քաղաքներն ու գյուղերը օկուպացված են Ադրբեջանի զինված ուժերի կողմից։
3. Մարդիկ հեռանում են, որովհետև ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ Ադրբեջանը չեն երաշխավորում նրանց իրավունքներն ու անվտանգությունը։
4. Մարդիկ հեռանում են, քանի որ 10 ամսվա ընթացքում Ադրբեջանը 120 000 մարդու, այդ թվում՝ 30 000 երեխայի պահել է շրջափակման մեջ և սովամահ է արել իր էթնիկ զտման քաղաքականության շրջանակում:
5. Մարդիկ հեռանում են, քանի որ 2016-2020 թվականներին ոչ ոք չի պատժվել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների համար, և ոչ մի երաշխիք չկա, որ գլխատողները ազատ չեն շարժվի այդ տարածքներով՝ նոր զոհերի գլխատելու համար:
Հուսով եմ, որ հիմա ավելի քան պարզ է, թե ինչու են մարդիկ հեռանում»,- նշել է Մարուքյանը։