Հայաստանը չի ուզում ՌԴ-ին թշնամի դարձնել․ Էդուարդ Աղաջանյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը փորձում է վստահեցնել՝ Հռոմի ստատուտի վավերացումը որևէ առնչություն չունի Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների հետ։
«Սա մենք փոխանցել ենք նաև մեր ռուս գործընկերներին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա:
Աղաջանյանը նշեց, որ ծանոթ են ստատուտի վավերացմանն առնչվող ՌԴ-ի արձագանքներին, բայց դրանից իրենց դիրքորոշումը չի փոխվում, քանի որ ՀՀ-ն սուվերեն պետություն է և պետք է առաջնորդվեն բացառապես Հայաստանի պետական շահերով։
Այն հարցին, թե բացառո՞ւմ են, որ Ռուսաստանը սպառնալիքներից կանցնի կոնկրետ գործողությունների, վերջինս պատասխանեց․
«Հարցեր են, որոնց պատասխանը ես հիմա չեմ բարձրաձայնի, բայց Հայաստանի ղեկավարությունը, բնականաբար, հնարավոր սցենարների պարագայում համապատասխան քայլեր կձեռնարկի։ Որևէ հիմք չունենք պնդելու, որ նման գործողություններ կլինեն»,- ասաց նա։
Ճշտող հարցին՝ Հայաստանն ուզո՞ւմ է ՌԴ-ին թշնամի դարձնել այս իրավիճակում, պատգամավորը պատասխանեց․ «Ոչ, ոչ մի կերպ»։