Կրեմլն ու ՌԴ ԱԳՆ-ն հաստատել են Արցախի հարցով Թուրքիայում գաղտնի բանակցություններ անցկացնելու տեղեկությունը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների գաղտնի հանդիպումը, որի մասին ավելի վաղ գրել էր Politico-ն:
Մասնավորապես, РИА Новости գործակալությունը գրում է, որ հրապարակման համաձայն` հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայում` ադրբեջանական ռազմական հարձակումից երկու օր առաջ։
«Դա սովորական տեսակետների փոխանակում էր։ Հանդիպման հետ կապված ոչ մի գաղտնի բան չկար»,- ճեպազրույցում ասել է Զախարովան:
TACC լրատվականն էլ մեջբերել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը։ Նրա խոսքով` հրապարակման մեջ կան բազմաթիվ անճշտություններ և սխալներ՝ կապված Ղարաբաղի հարցով ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի հանդիպման հետ։
«Կոնտակտներ եղել են, բայց ոչ այնպես, ինչպես գրված է»,- ասել է նա։