Հենց Եվրամիությունն է դավաճանել հայերին. Մարիա Զախարովա
Եվրամիությունը դավաճանեց Հայաստանին, ոչ թե Ռուսաստանը: Բրյուսելը չէր էլ մտածում հրադադարը հեշտացնելու և մարդասիրական օգնություն ցուցաբերելու մասին։ Ինչպես գրում է TACC-ը՝ այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Թե ինչպես ռուս խաղաղապահները հանդես եկան որպես միջնորդներ հրադադարի հասնելու համար, դա նկատեց նաև Եվրամիությունը դրսից՝ անգամ չմտածելով որևէ գործնական օգնություն ցուցաբերելու մասին։ Թե ինչպես են մեր երկրի ներկայացուցիչները կազմակերպել հումանիտար օգնության առաքումը Լեռնային Ղարաբաղ այն բանից հետո, երբ Լաչինի միջանցքն ապաշրջափակվեց։ Թե ինչպես էին արցախցիներին (խմբ․) ուղեկցում Հայաստան, երբ Եվրամիությունն այս ամենին նայեց լուռ, կողքից։ Այն, ինչ պայմանավորվել էր Մոսկվայի միջնորդությամբ, Երևանին հետ պահեց Եվրամիությունը․ հենց նա էր դավաճանել հայերին»,- ասել է Զախարովան։
Զախարովան ընդգծել է, որ ԵՄ առաքելությունը Հայաստանում չի ապահովում կայունություն կամ դեէսկալացիա։
«Գլխավոր խնդիրը ոչ թե Հայաստանի անվտանգությունն է, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելը, այլ Բրյուսելի շահերից բխող հետախուզական մոնիտորինգը և իրավիճակի հրահրումը»,- նշել է նա և հավելել,- «Սկզբում նրանք զբաղված էին Հայաստանին ուղղված հորդորներով և խոստումներով։ Պարզապես պաշտոնական Երևանին գցեցին իրենց հաջորդ ծուղակը, իսկ հետո դարձան լուռ վկաներ։ Ի վերջո, հենց արևմտյան հանրությունն է Երևանին հետ մղել Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումից»։