Չգիտեմ, թե Արայիկ Հարությունյանը Փաշինյանի հետ ինչ է խոսել, նա գերության մեջ է, ոչինչ չեմ ուզում ասել․ Տիգրան Աբրահամյան
Անկախ Արայիկ Հարությունյանի նկատմամբ ունեցած իմ վերաբերմունքից, քաղաքական գնահատականներից, նա այս պահին գերության մեջ է։ Հարությունյանը պաշտպանվելու կամ արձագանքելու հնարավորություն չունի։ Ես այս իրավիճակում չէի ցանկանա նրա հետ կապված մեկնաբանություն ներկայացնել։ Համենայնդեպս, այդ հայտարարությունները, որոնք երեկ նաև խորհրդարանական ամբիոնից էին հնչել, ունեին մեկ նպատակ՝ ինքնապաշտպանվելու, սլաքները տարբեր ուղղությամբ, տարբեր թիրախներին ուղղելու։ Այս մասին ԱԺ-ում ընթացող ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Հարությունյան զրույցի մասին հարցին:
Աբրահամյանի խոսքով՝ ինքը տեղյակ չէ Փաշինյան-Հարությունյան զրույցի մասին։
Նրա դիտարկմամբ՝ այն գործընթացը, որը տեղի է ունեցել, մասնավորապես, եթե վերցնենք վերջին 3 տարիները, 44-օրյա պատերազմից հետո բավականին հանրայնացված է եղել, արտահայտվել է հայաստանյան իշխանությունների հայտարարություններով, սկսած նշաձողի իջեցումով, ավարտված՝ Արցախի ապագան Ադրբեջանի կազմում տեսնելու վերաբերյալ ձևակերպումներով։
«Հույս ունենանք, որ Արայիկ Հարությունյանը և այն բոլոր արցախցիները, որոնք այս պահին գտնվում են ադրբեջանական գերեվարության մեջ, հնարավոր կլինի արագ ազատ արձակել և նրանք հնարավորություն դեռ կունենան իրենց մոտեցումները, գնահատականները ներկայացնելու»,- նշեց Աբրահամյանը։