Ադրբեջանի կողմից ձերբակալվել են Փաշինյանի քաղաքական հակառակորդները․ Արթուր Խաչատրյան
Երեկ իմ գործընկեր Արծվիկ Մինասյանն ԱԺ եկած Փաշինյանին ասաց, որ Բաքվի բանտում կեղեքվողներն ունեն ՀՀ կապույտ անձնագրեր։ Այս մասին Ազգային ժողովի ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Ի՞նչ պատասխան տվեց Փաշինյանը՝ զրո պատասխան»,- ասաց Գալստյանը։
Նա նշեց, որ Փաշինյանը ոչ միայն դրժել, մերժել է Հայաստանի Սահմանադրությունը, որով Հայաստանը պատասխանատվություն ունի անվտանգային երաշխիքներ ստեղծելու, այլև այն մարդկանց, ովքեր ունեն կապույտ անձնագրեր։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ նկատեց, որ Ադրբեջանի կողմից ձերբակալվել են Փաշինյանի քաղաքական հակառակորդները։ Նրա որակմամբ, ձերբակալվածներն այն մարդիկ են, որոնք երբևէ Փաշինյանին քննադատել են։
«Նաև Արայիկ Հարությունյանն է, որն իր վրա վերցրեց Գանձակի հրթիռակոծումը, չնայած հիշեցնեմ, որ Լուգանսկի օդանավակայանի լուսանկարն էր հրապարակվել։ Նրանք քննադատել են Փաշինյանի քաղաքականությունը։ Ես պատահականություններին չեմ հավատում»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։