Բաքվի և Մոսկվայի միջև ստվերային բանակցություններ են տարվում. փորձագետ
Բաքվի և Մոսկվայի միջև ստվերային բանակցություններ են տարվում, դրա համար էլ Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման հարցը դեռ օդում կախված է։ Այս մասին հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
«Խաղաղապահները դեռ մնում են, ինչը նշանակում է, որ սպասում են որոշակի սցենարների։ Կիրականանան դրանք, թե ոչ, այլ հարց է։ Նրանք հենակետեր են հիմնել պահեստների մոտ, որտեղ գտնվում էր հայկական զենքը։ Այսինքն՝ Ադրբեջանը զենքի մի մասը դուրս չի բերել Արցախից»,- նշել է նա։
Կիվիրյանը ենթադրել է, որ այս բանակցություններից է կախված լինելու արցախահայության ճակատագիրը։
«Եթե չլինեին ուկրաինական ճակատում ձախողումները, Ռուսաստանը մեր տարածաշրջանում չէր թուլանա։ Իսկ հիմա նույնիսկ Ադրբեջանն է իրեն թույլ տալիս հակառուսական քայլեր ձեռնարկել»,- հավելել է նա։