«Եթե 7 օրվա համար Սամվել Շահրամանյան է մեղավոր, ապա 5 տարվա համար ո՞վ է մեղավոր»․ Շարմազանով
Նիկոլ Փաշինյանը բողոքում է, որ դաշնակիցներն իրեն միայնակ են թողել այն դեպքում, երբ ինքը Արցախին միայնակ թողեց։ Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով` Փաշինյանն իրավունք չունի մեղադրելու դաշնակից երկրներին։
«Փաշինյանը սեպտեմբերի 19-ին, երբ Արցախում ադրբեջանցիները կոտորում էին արցախցիներին, ասաց, որ ինքը ոչ մի բանի չի խառնվելու։ Հետո էլ ասեց, թե Արցախի բնակիչների կյանքին ուղիղ վտանգ չի սպառնում։ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում առանց Ալիևի դարձյալ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս»,- նկատեց քաղաքական գործիչը։
Շարմազանովի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը «իզմ»-եր չունեցող նեոբոլշևիկ է, և իր քաղաքական հայրերի նմանությամբ Արցախի հերոսներին է դատում։
«Ցավում եմ, որ մարդ, որը ժամանակին եղել է «կամանդյուշին»՝ Սամվել Բաբայանը, որն նաև ասոցացվել է 90-ականների հաղթանակի հետ դարձել է նավն առաջինը լքողը։ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Լևոն Մնացականյանն արժանապատիվ նավապետի նման խորտակվող նավը չլքեցին։ Մնացին իրենց տեղը»,- նշեց նա։
Ի դեպ, Շարմազանովն ընդգծեց, որ Արցախի լուծարման փաստաթուղթն անօրինական է։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, եթե Սամվել Շահրամանյանն Արցախի լուծարման փաստաթուղթը չստորագրեր, ապա արցախցիները չէին կարող Հայաստան հասնել։
«Եթե 7 օրվա համար Սամվել Շահրամանյան է մեղավոր, ապա 5 տարվա համար ո՞վ է մեղավոր»,- հարց բարձրացրեց նա։