Վերջին անգամ հասարակությանը կոչ է արվելու դուրս գալ փողոց վճռական պայքարի և հաջողելու ենք․ Կամ Փաշինյանը պետք է հեռանա, կամ մենք Հայաստան չենք ունենա․ Հայկ Մամիջանյան
«Հայաստանը՝ իբրև մի մեծ «անկլավ» թեմայով պանելային քննարկման ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հիշեցրեց, որ ամեն առիթով Նիկոլ Փաշինյանն իր հռետորական հարցն է ուղղում, թե ինչ կաներ ընդդիմությունը՝ նոյեմբերի 9-ին փաստաթուղթ չստորագրելու համար։
«Ասում է՝ բա դուք ի՞նչ կանեիք․ ասեմ՝ մենք այդ օրվան չէինք թողնի հասնի»,- ասաց Մամիջանյանը՝ հավելելով, թե պետք է հասկանալ՝ ինչպես և ինչու հասանք այս դիրքին։
Պատգամավորը նկատեց, որ իշխանության կողմից Արցախը քանդելուց հետո վերջինիս տրամադրվող բյուջետային աջակցությունը պետք է աճեր, բայց այդ փաստն իշխանությունն արցախցիներին երեսով է տալիս:
Անդրադառնոլով Նիկոլ Փաշինյանի և իր «խմբակի» շրջանառած կեղծ թեզերին՝ Մամիջանյանն ասաց. «Առաջին կեղծ թեզը գրանադյան այցից հետո տեղի ունեցած հելոունյան քարոզարշավն էր, «հաղթել ենք» կարգախոսի ներքո»:
Նա հայտնեց, որ այդ թեզի մասին խոսում էին այն մարդիկ, որոնք 44-օրյա պատերազմի ընթացքում ստում էին հայ հասարակությանը և հիշեցրեց, որ իշխանություններն արդեն մի անգամ ասել են, որ «հաղթելու են», և արդյունքը բոլորն են տեսել:
Հայկ Մամիջանյանը անդրադարձավ Գրանադայի հանդիպումների արդյունքներին՝ չչեզոքացված սպառնալիքների առումով և նշեց, որ այնտեղ անկլավների հարցը չի չեզոքացվել:
«Պարզվում է, որ իրենք ինքնիշխանության ասպետներ են, Գրանադայում իրենք հերոսաբար պաշտպանեցին Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը, բայց մինչ այդ այն պաշտպանելու կարիք չուներ, Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հարց չկար: Այդ հարցը դուք բերեցիք, հորինեցիք ինչ-որ «կադաստրի թուղթ» հիմարությունը և հիմա հերոսաբար պայքարում եք դրա պահպանման համար»,-ասաց Հայկ Մամիջանյանը:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի խոսքով` վերջին անգամ հասարակությանը կոչ է արվելու դուրս գալ փողոց՝ վճռական պայքարի և հաջողելու են:
«Կամ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, կամ մենք Հայաստան չենք ունենա»,-ասաց նա։