Ադեկվատ իշխանության պարագայում Կավիտա Բելանին կհայտարարվեր պերսոնա նոն գրատա․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Շուրջ 2 շաբաթ առաջ ադրբեջանաթուրքական մամուլը ողողված էր Հայաստանում ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Կավիտա Բելանիի անհեթեթ հայտարարությամբ. «Չկա վատ վերաբերմունքի մասին որևէ տեղեկություն այն հայերի նկատմամբ, ովքեր լքել են Արցախը»: Ըստ մեր աղբյուրների՝ սույն տիկնոջը հրավիրել են ԱԳՆ և այդ հայտարարության վերաբերյալ «քննարկում» ունեցել։ ԱԳՆ-ից, ըստ էության, չհերքեցին մեր լուրը։
Մամուլի խոսնակ Անի Բադալյանն ասաց․ «Տեսաձայնագրությունը նայելով՝ կտեսնեք, որ ադրբեջանական կողմը համատեքստից կտրել էր UNHCR-ի ներկայացուցչի պատասխանը՝ տրված հարցին, ինչի կապակցությամբ մենք մեր մտահոգությունը հայտնել ենք UNHCR-ին:
Վստահ եմ՝ տեսել եք, որ ՄԱԿ-ի մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղ այցելության և զեկույցի վերաբերյալ ԱԳՆ-ն հայտնել է ՀՀ խիստ դժգոհությունը՝ հոկտեմբերի 4-ին ՄԱԿ պատվիրակության հետ ԱԳ նախարարի հանդիպմանը, ինչպես նաև հոկտեմբերի 2-ին՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Հավելեմ, որ ՄԱԿ բոլոր գործակալությունների հետ ՀՀ աշխատանքային քննարկումները, համագործակցությունը կրում են պարբերական բնույթ»։
Նկատենք, որ ադեկվատ իշխանության պարագայում սույն տիկինը կհայտարարվեր պերսոնա նոն գրատա և ամենասեղմ ժամկետում ստիպված կլիներ լքել Հայաստանը՝ գուցե նաև այդպես անփառունակ ավարտելով իր «դիվանագիտական» կարիերան»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։