Տրանսպորտային ուղիների հատումը տարածաշրջանում «խաղաղության խաչմերուկ» կարող է դառնալ բոլորիս համար
Հոկտեմբերի 23-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով մասնակցել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») ձևաչափով հանդիպմանը, որին մասնակցում էին նաև Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները:
Ագրեսիվ և սպառնալիքներով լի հռետորաբանության պայմաններում դժվար է պատկերացնել նպաստավոր մթնոլորտի ստեղծում, որը թույլ կտա կյանքի կոչել տարածաշրջանային հավակնոտ նախագծեր։ Հայաստանն, իր հերթին, հավատարիմ է այս սկզբունքներին»,- իր խոսքում ընդգծել է Արարատ Միրզոյանը։
Անդրադառնալով տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը նշել է. «Հայաստանի Հանրապետությունը, լինելով դեպի ծով ելք չունեցող պետություն, շահագրգռված է տարածաշրջանում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ և հետագա զարգացմամբ։ Պետությունների ինքնիշխանության և իրավազորության հարգման, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է մաս դառնալ տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին։ Մենք կարծում ենք, որ հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք տրանսպորտային ուղիների հատումը մեր տարածաշրջանում և այդ թվում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում, յուրօրինակ «խաղաղության խաչմերուկ» կարող է դառնալ մեզ բոլորիս համար։»
Նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է, որ ՀՀ-ն կարևորում է հատկապես երկաթուղային ենթակառուցվածքների՝ միմյանց ինտեգրման գործընթացը, այդ թվում՝ անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման կամ վերագործարկման միջոցով. Հայաստանի Հանրապետությունը շահագրգիռ է Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունենալ Իրանի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ՝ փոխադարձության սկզբունքով ապահովելով իր տարածքով անցնող երկաթուղու հասանելիությունը տարածաշրջանային մյուս երկրների, ինչպես նաև այլ միջազգային անցման համար։ Այս համատեքստում ոչ պակաս կարևոր է նաև Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկումը, ինչպես նաև Հյուսիս-Հարավ նախագծի մի ճյուղի՝ Հայաստանի տարածքով անցկացումը։