Դա պետք էր շուտ անել, ոչ թե ԱԺ ամբիոնից ողբալ, թե՝ փող ունենք, բայց մեզ զենք չեն տալիս․ Արթուր Խաչատրյան
«3+3» ֆորմատով ընդոունվցած համատեղ հայտարարությունից հետո Ադրբեջանը պետք է իր զորքերը հանի Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով երեկ Թեհրանում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպմանը։
«Ադրբեջանը, մի կողմից ընդունում է նման հայտարարություն, մյուս կողմից Հայաստանում պահելով իր օկուպացիոն զորքերը՝ հստակ ուղերձ է հղում, որ ինքը որևէ դեպքում խաղաղության գնալու ցանկություն չունի, եթե այդ խաղաղության համաձայնագիրը չլինի Հայաստանի կապիտուլյացիան»,- ասաց Խաչատրյանը:
Ինչ վերաբերվում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև երեկ ստորագրված՝ սպառազինության ձեռքբերման մասին պայմանագրին, ապա Խաչատրյանը նկատում է, որ 5 տարվա ընթացքում, վերջապես, հաջողացրեցին Ֆրանսիայից 3 ռադիոլակացիոն կայան ձեռք բերել ու ինչ-որ հրթիռների մասին պայմանավորվածություն: Ըստ պատգամավորի՝ սպառազինության ձեռքբերման պայմանագիրը դրական ազդեցություն կունենա Հայաստանի անվտանգության համար։
«Դա պետք էր շուտ անել, ոչ թե ԱԺ ամբիոնից ողբալ, թե՝ փող ունենք, բայց մեզ զենք չեն տալիս։ Դա նույնն է, որ ես գնամ տուն, ասեմ` կնիկ, երեխեք, ես փող ունեմ, բայց մեր խանութում ինձ հաց չեն վաճառում», - ասաց Խաչատրյանը: