Հետևել ենք սեպտեմբերյան իրադարձություններին, ՀՀ-ի համար բարդ ժամանակահատված է․ Կանադայի ԱԳ նախարար
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիին:
Մելանի Ջոլին շնորհակալություն հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել. «Ես համոզված եմ, որ պարոն վարչապետն Օտտավայից ևս մտովի և սրտում տոնում է դեսպանատան բացումը մեզ հետ միասին։ Ուրախ ենք, որ Հայաստանում ունենք առաջին դեսպան, ով լավ է ճանաչում Հայաստանը, որովհետև նա երկար ժամանակ աշխատել է Հայաստանի գծով արտաքին հարաբերությունների վարչությունում։ Եվ նա նաև մեր երկրում ձեր հրաշալի դեսպանի մտերիմ ընկերն է, ով նույնպես հիմա մեզ հետ է։
Մենք ձեզ մոտ ենք եկել մի ժամանակահատվածում, որը գիտենք, որ Հայաստանի համար բավականին բարդ ժամանակահատված է։ Մենք հետևել ենք սեպտեմբերի 19-20-ի իրադարձություններին, և իհարկե, մեր նպատակը Հայաստանին օգնելն է այս դժվար իրավիճակում, ինչպես նաև օգնել, որպեսզի տարածաշրջանը լինի ավելի խաղաղ և կայուն։ Մենք սա անում ենք առաջին հերթին ԵՄ առաքելության մեջ ներգրավվելով, մենք ԵՄ ոչ անդամ միակ պետությունն ենք, որը մասնակցում է ԵՄ առաքելությանը։ Սա առաջին քայլն է Հայաստանում առավել ներկայություն ապահովելու հարցում։
Այսօր մենք հայտարարել ենք ԵՄ հումանիտար աջակցությանը նոր ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին՝ հասցեագրելու այն խնդիրները, որոնք առաջացել են այդքան մեծ թվով էթնիկ հայերի՝ Լեռնային Ղարաբաղից հարկադրական տեղահանության հետևանքով։ Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերին»։ Կանադայի ԱԳ նախարարը հավելել է, որ վաղը կայցելի Հայաստանի հարավ՝ հանդիպելու տեղական իշխանություններին և ԼՂ-ից բռնի տեղահանության ենթարկված ժողովրդին: