Հայաստանը չի կարող միակողմանիորեն հրաժարվել ռուսական ռազմաբազայից մինչև 2044թ. «Известия»
Հայաստանը մինչև 2044թ․ չի կարողանա միակողմանիորեն հրաժարվել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայից։ Սա պարզել է «Известия» պարբերականը՝ ուսումնասիրելով Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև 1995թ.-ին կնքված պայմանագիրը։
Հոկտեմբերի 25-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունն առավելությո՞ւն է, թե՞ խոչընդոտ, ասել է, որ այս պահին առավելությունները տեսանելի չեն։ Միաժամանակ նա նշել է, որ ներկայումս Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերման հարցը չի քննարկվում։
Ինչպես գրում է «Известия»-ն, համապատասխան փաստաթղթի 27-րդ հոդվածում ասվում է.
«Եթե կողմերից մեկը հայտարարում է այս պայմանագիրը խզելու իր մտադրության մասին, ռուսական ռազմակայանի լուծարման հետ կապված հարցերը լուծում է խառը հանձնաժողովը։ Ռուսական ռազմակայանի լուծարումը պետք է ավարտվի կողմերի միջև համաձայնեցված ժամկետում»։
2010թ․ Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված ռուսական բազայի մասին համաձայնագրի թիվ 5 արձանագրության համաձայն՝ Հայաստանի տարածքում դրա գտնվելու ժամկետը երկարացվել է մինչև 2044թ․։ Այս տեղեկությունը «Известия»-ին հաստատել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Յուրի Շվիտկինը։
«Համաձայն Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված պայմանագրի, պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո այն ավտոմատ կերպով երկարաձգվում է հաջորդ հինգ տարի ժամկետով, եթե կողմերից որևէ մեկը գրավոր չծանուցի դրա գործողության ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ: Այս համաձայնագրի դրույթները կարող են վերանայվել կողմերից մեկի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ»,- ասել է Յուրի Շվիտկինը։